Շուշիի մասին առաջին տեղեկությունը հայտնում է արաբ աշխարհագետ Յակուտ
ալ-Համավին (1178-1229 թթ.), որը վկայակոչելով արաբ հռչակավոր պատմագիր
Իբն ալ-Ասիրին (1160-1230թթ.) իր "Աշխարհագրական բառագրքում" գրում
է` "Քարքարը (Կարկառ) քաղաք է Առանում, Բայլականի մոտ, կառուցված
Անուշիրվանի կողմից": Բայլականը Առանի հնագույն քաղաքներից է, գտվում
է Արցախի Մուխանք գավառում: Նրա մասին հիշատակել է նաև Ստրաբոնը:
Հայտնի է, որ Իրանի Խոսրով Անուշիրվան թագավորը (VI դար) սասանյան
հարստության վերջին հզոր տիրակալը, իր կայսրության հյուսիսը ամրապնդելու
նպատակով վերակառուցել է մի շարք բերդեր, ամրություններ: Նրան է
վերագրվում Դերբենտի (Ճորա պահակ) վերակառուցումն ու երկաթյա դարպասների
տեղադրումը: Ինչ վերաբերում է Քարքար-Շուշիին, ապա արաբ աշխարհագիրը
"կառուցում" ասելով նկատի ուներ երկուս ու կես կիլոմետր երկարությամբ
սարահարթի հյուսիսային կողմում հին ժամանակներից մնացած բերդապարսպի
վերակառուցումն ու ամրացումը: Արաբ հանրահռչակ հեղինակներ Իբն ալ-Աթիրի
և Յակուբ ալ-Համավիի վկայությունները հաստատում են, որ հենց Անուշիրվանի
ժամանակներում է վերակառուցվել բերդաքաղաքը: Իսկ նրա հայկական Քարքար
անունը հուշում է, որ այն մինչ Իրանի հզոր թագավորի ժամանակաշրջանը
ևս բերդաքաղաք է եղել, որը Մեծ Հայքի հետագա թուլացման հետ իր հերթին
անկում է ապրել: Կարկառ գետի անունը ևս վկայում է, որ գետի վրա անառիկ
ու հզոր բերդի միակ տարբերակը Շուշիի սարահարթն է: Իսկ գետն իր անունը
ստացել է բերդի անունից: Շատ հնում հայերը բերդը "քար" են անվանել:
|
|
Բերդաքաղաքի մասին հաջորդ տեղեկությունը հայտնում է Հայաստանի հյուսիս-արևելքի
պատմիչ Մովսես Կաղանկատվացին: Նա գրում է. "Երբ լրացավ հայոց 270
թիվը (821 թ.), Պարտավից գաղտնի դուրս եկան արաբ ընտիր մարդիկ, ավարի
ենթարկեցին Ամարասի գավառը, և մոտ հազար հոգի գերեվարելով, ամրացան
Մեծիրանքի սահմանում մի տեղ, որ կոչվում է Շիկաքար: Այդ ժամանակ
քաջ ու շքեղատեսք Սահլի Սմբատյան Առանշահիկ իշխանը և իր քաջազոր
եղբայրները իրենց զորքերով լուսադեմին վրա տվին, նրանց բոլորին միասին
դիաթավալ արին, ցիրուցան դարձրին և, ինչպես առյուծի ժանիքներից,
գերիներին խլեցին": Հետագայում թուրքերի առաջնորդ Բաբեկին ձերբակալելու
համար արաբների խալիֆը Սահլ Սմբատյանին նշանակում է Հայոց արևելյան
կողմանց (Առան կամ Աղվանք) պատրիկ:
Շուշիի գերեզմանոցի հարևանությամբ սարահարթի թեքության վրա փռված
է երեքհազարամյա դամբանադաշտը իր մեգալիթյան կրոմլեխ հուշարձաններով:
Ցավոք, դրանք դեռևս չեն ուսումնասիրված: Այդտեղ գտնված իրերը, որ
խեցեղենի, արձանիկների մնացորդներ են, հիշեցնում են գիտությանը հայտնի
Կուր-արաքսյան խեցեղենը և վկայում են Շուշիի սարահարթում երբեմնի
զարգացած մշակույթի, Հայաստանի Էթիունյան քաղաքակրթության ու այդ
պետության մի մասը հանդիսանալու հանգամանքը:
13-րդ դարի հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին, իր "Հայոց պատմությունում"
հայտնում է, որ Արցախի իշխանաց իշխան Հասան Ջալալյանր մի պատկառելի
պատվիրակության հետ 1256 թ. մեկնում է մոնղոլական տիրապետության
մայրաքաղաք Կարա-Կորում` Մանգու խանից ետ խնդրելու Կարկառի բերդը,
Ջրաբերդն ու Ականաբերդը: Կարկառը նույն Շուշին է:
Հաջորդ տեղեկությունը ստանում ենք շուշեցի գրիչ Տեր Մանուելից, որը
1428 թ. Շուշիի սբ, Աստվածածին եկեղեցում Ավետարան է ստեղծել (Պահվում
է Երևանի Մաշտոցյան մատենադարանում): Շուշիում պահպանվել են 8-9-րդ
դարերից խաչքարեր, որոնք ևս Կարկառ-Շուշիի գոյության, նրա լիարժեք
կյանքի, զարգացած մշակույթի վկայությունն են:
18-րդ դարի առաջին քառորդին շիրվանցի Ավան զորավարը վերակառուցում
է բերդի ամրությունները, հիմնում սղնախ, որը Արցախում ստեղծված Հայոց
Սղնախներ ռազմական պետության պաշտպանական համակարգի կարևորագույն
հենակետերից էր: 1726 թ. աշնանը Շուշիում տեղի ունեցավ ճակատամարտ
Օսմանյան Թուրքիայի 40 հազարանոց բանակի հետ, որտեղ թուրքերը պարտվեցին:
Այնուհետև Արցախում իշխում է մելիքական կիսանկախ Խամսա իշխանապետությունը:
1752 թ. Իրանն այստեղ իրեն ենթակա խանություն է հիմնում:
19-րդ դարի սկզբներին Շուշիում հաստատվում են ռուսները: Սկիզբ է
առնում մեկ դար տևող խաղաղ ժամանակաշրջան, ու բերդաքաղաքը կտրուկ
զարգացում է ապրում, դառնում Կովկասի ծաղկուն քաղաքներից ու հայկական
մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը:
1920 թ. մարտի 23-ին Շուշիի հայկական թաղամասը հրկիզվում, ավերվում
է կովկասյան թաթարների կողմից, հայ բնակչությունը մատնվում է եղեռնի:
1992 թ. մայիսի 9-ին բերդաքաղաքը ազատագրվում է: Այս անգամ ևս պատերազմի
հետևանքով այն զգալիորեն վնասվում է: